ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ Սարգսյանը` «պարտականության և սիրո» միջև

Սերժ Սարգսյանը` «պարտականության և սիրո» միջև
10.03.2009 | 00:00

ՃԱՆԱՉԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԿԱԶԱՏԱԳՐԻ
Որքան էլ իշխանությունները շատ են ցանկանում, միևնույն է, անցումի այս փուլը ոչ մի կերպ չի ավարտվում: Ու ոնց երևում է` այն անվերջ է լինելու նրանց համար: ՈՒզեն-չուզեն` այդպիսին է իրենց կարման:
Ոչինչ անել չես կարող:
Իշխանությունները մտածում էին` ահա կգա մարտի մեկը, ընդդիմությունը միտինգ կանի, տուն կգնա: Իրենք բարով-խերով կսկսեն «լողացնել» դրամը, մինչև մարտի վերջ` ԵԽԽՎ նստաշրջանի սկիզբ, ազատ կարձակեն ձերբակալված տղաներին (ի դեպ, իրապես տեղեկություն ունենք, որ տղաներին, «յոթին» էլ ներառյալ, ազատելու են. ոչ համաներմամբ, սակայն կա մեխանիզմը, և պատկան մարմիններն իրավական բազիսն են պատրաստում), կիրականացնեն կադրային «հետաքրքիր» փոխատեղումներ ու նշանակումներ, մարտի 31-ին կվերցնեն «ողջ սովետները», իշխանությունը` Երևանում, ու այդպես «չաղ-ուրախ-բախտավոր»-ձեռներն ազատ ձեռնամուխ կլինեն տարածաշրջանում ոչ ստանդարտ լուծումների, այդ թվում և` ղարաբաղյան խնդրի:
Բայց անցումային շրջանն այս իշխանություններին հետևել և հետևելու է ստվերի նման: Մշտապես: Եվ եթե անգամ վերը նշված սցենարը յուղի նման ընթանա, հաշվել տնտեսական ճգնաժամից ածանցված պրոցեսները, ցանկացած իշխանություն անկարող է: Էլ առավել` լեգիտիմության և հումքային դեֆիցիտ ունեցող:
Այս իշխանությունների, իսկ իրականում Սերժ Սարգսյանի քաղաքական կարման անչափ հետաքրքիր է նախ` նրանով, որ կարմայական այդ կապը և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական է: Ի տարբերություն Քոչարյանի, որը բացառապես հորիզոնական «տարածում» ուներ: Այլ կերպ ասած` Քոչարյանն «օրենքի» տակ էր, իսկ Սերժ Ազատիչը ո՛չ «օրենքի» տակ է, ո՛չ «շնորհի»: Անցումի մեջ է:
ՈՒ սա է նրա մեծագույն ողբերգությունը: Նաև` մեծագույն ձեռքբերումը: Հաղթելու կամ պարտվելու շանսը: Ինչը չի ընկալվում: Առաջին հերթին իր շրջապատի կողմից, ուր չկա գիտակցումը, որ հենց այստեղ է բանալին, որն էլ կտանի հաղթանակի կամ խոշոր ֆիասկոյի:
Անցումի մեջ գտնվող Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն այս պահին լուծում են ընդամենն իրադրային խնդիրներ: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ Սերժ Ազատիչն ամեն րոպե, սկսած նախագահական ընտրություններից առայսօր, հայտնվում է մազե կամրջի վրա. նրա համար կյանքն ամեն վայրկյան լուրջ խնդիրներ է առաջադրում և պահանջում լուծել: Լուծում է նա այդ խնդիրները, թե ոչ, այդ մասին մեկ այլ անգամ, այժմ այն մասին, որ Ս. Սարգսյանին ճակատագիրը` «բլթ», «պլստացնում»-փրկում է ցանկացած իրավիճակից: Առայժմ:
Թույլ տանք մեզ ևս մեկ անգամ եզրակացնել` փակ, դեպ շնորհի ուղղահայացություն գնացող այդ կարման մասամբ կենսունակ, սակայն բացարձակապես չգիտակցված է: Կատարվողը Սերժ Ազատի Սարգսյանը վերագրում է իր հաշվարկին, խաղալու կարողականությանը: Ի դեպ, նրա մերձավորներն էլ այդպես կարծում ու համաբարբառում են` «նախագահը շատ խելացի է, լավ է հաշվում, երբեք շատ չի խոսում, սակայն նրա ներքին ժապավենն ամեն ինչ արձանագրում է` հետագա ճշգրիտ մոնտաժումների համար»:
Եվ, այնուհանդերձ, խնդիրը շատ խորքային է. արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու նրան «մերձ» պալատը գիտակցում են, որ մարտի մեկը և նախագահական աթոռը տիեզերաբանորեն տրված ուղղահայաց «տալչոկ» են` փակ, քնած շնորհը զարթնեցնելու: Իհարկե, բոլորիս համար անչափ թանկ գնով: Ինչն էլ իր պատճառահետևանքային բաղադրությունն ունի: Շատ պարզ. այս էթնոսը շնորհի ազգ է, և տեսակին գոյատևման ու պահպանման է տանում միայն շնորհի ուղին: Եվ բանալին ճիշտ օգտագործելու դեպքում «թանկ գինը» կարող է հետ վերադառնալ հասարակությանը` առողջացման տանելով նրան կամ... հակառակը:
Եթե գիտակցվեց այս խնդիրը, բերվեց լույսի մեջ, կաշխատի հաջորդ բանալին. ճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատագրի:
Բոլոր դեպքերում և ըստ դիտարկումների` Սերժ Սարգսյանն այս պահին գտնվում է, Սևակի խոսքերով, «պարտականության և սիրո» միջև և առայժմ տուրք է տալիս հորիզոնական «կենսակերպին»: Նրա իրականացրած կադրային քաղաքականությունը, իներցիոն մտածողության դրսևորումները, ընդդիմության և մնացած հարցերում իրականացրած քաղաքականությունը դա են ապացուցում:
Բայցև, նրանից անպայմանորեն «կպահանջվի» մարտի մեկի անչափ թանկ գինը, գրագետ ձևակերպած` կպահանջվի չփոշիացնել, չմսխել այդ էներգետիկան, այլ դնել պտույտի մեջ:
Ասացինք` դեռ մսխվում է:
Պալատներում և իշխանական մերձակայքում գրեթե երբեք պրոգրեսի ընկալում չի լինում: Այն պալատների քիմքի բանը չէ, այնտեղ ժամանակ չունեն արձանագրելու` մարտի մեկից հետո Հայաստանը հայտնվել է նոր «պոլյուսում», և իշխանական պոստերը` վերից վար, քաղաքական-նյութական-կոնյունկտուրային իմաստներից զատ, ձեռք են բերել բոլորովին նոր` էներգետիկ-հոգևոր իմաստ:
Մսխման հետևանքներից մեկն էլ այն է, որ ինչ-որ ժամանակահատված հրապարակային գործունեություն ծավալող, «մատչելի», իր այդ բարդույթից հնարավորինս ազատված Սերժ Սարգսյանն այսօր կրկին մտնում է գորշ կարդինալի անթույլատրելի մունդիրի մեջ:
Հաջորդիվ` իշխանության պատվիրակման տենդենցը բացարձակապես չի աշխատում: Իշխանությունն արտաքուստ մոնոլիտ է, սակայն այնտեղ նույն անորոշությունն է, ինչ ընդդիմությունում է. իշխանությունում ոչ մեկն իրական լծակներից չի օգտվում, այնտեղ խոր անբավարարվածություն է, բոլորը ցանկանում են իրացնել իրենց` օրենքով տրված իշխանությունը, ինչի հնարավորությունն իրենց չի տրվում: Իշխանությունում ցանկացած պրիմիտիվ հարց մեկ անձ է լուծում: Լուծում է փակ, մինչև վերջին պահը գաղտնի և լոկ վերջին վայրկյանին տեղյակ պահում յուրայիններին: Սա հաստատ իշխելու ամենապարզունակ ձևն է, ինչն ամենևին չի տեղավորվում շնորհի, ուղղահայաց տենդենցի մեջ, և վաղ թե ուշ տալու է իր պտուղները: Ոչ բարենպաստ զարգացումների տեսքով: Սերժ Սարգսյանը չի կարողանում ազատվել երկու խոշոր բարդույթից`
ա) Քոչարյան, բ) բոլորի նկատմամբ անվստահություն. ինչին նպաստեց նույն մարտի մեկը, երբ նրան բոլոր յուրայինները դավաճանեցին:
Դիտարկենք «ա»-ն. Քոչարյանն առաջվա պես դեռ բավականին լուրջ դերակատարություն ունի հայոց մեջ: Եվ որքան էլ հաստատուն է նրա` երիտթոշակառուի կարգավիճակը, միևնույն է, վերջինիս ստվերը հետապնդում է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ մնացյալին:
Հարց. ինչո՞ւ պետք է, որ` ա) Քոչարյանը չվերադառնա, բ) նրա ազդեցությունը մեզանում, էլ առավել` պալատավորների վրա, հասցվի զրոյի:
Շատ պարզ պատճառով. նա «հորիզոնականություն» է բերում երկրին, բոլորին, էլ առավել` պալատավորներին: Նրա դեպքում խոսել ուղղահայացի ու շնորհի մասին ուղղակի ծիծաղելի է: Անցումի մեջ գտնվող Սերժին ամենևին պետք չէ այդ էներգետիկան, է՛լ ավելի պետք չէ այդ էներգիան էս երկրին (բավ «սիրեցինք»), ինչից ձերբազատվել առայժմ Սերժին չի հաջողվում, որովհետև ինքը ևս դրա կրողն է:
Մի բան մեկընդմիշտ պարզ է: Քոչարյանի վերադարձն ավելի դաժան է ու ծանր է նստելու այս ժողովրդի վրա, քան Լևոնինն էր, որովհետև Լևոնը նույնպես ուղղահայաց և հորիզոնական կարմայական կապ է, ու սա էր պատճառը, որ կյանքը Լևոնին և Սերժին հենց այս փուլում դեմ-դիմաց կանգնեցրեց, ինչն ամենևին չէր մտնում Սերժի հաշվարկների մեջ, որովհետև նա լոկ հորիզոնական հաշվարկ էր արել` սկսելով նախագահական նախընտրական իր պայքարը, հասնելով Պենտագոն, Պետդեպ, Փարիզ ու... Համզաչիման: Եվ հետո, աշխարհում դեռ չի ծնվել մեկը, որը կարողանա ուղղահայաց էլ «հաշվել»: Եվ ուղղահայացի ողջ հմայքն էլ հենց դրանում է:
Դառնանք անվստահության «նոմինացիային». երբ մարդը, անձը, հետևաբար` էթնոսը, հայտնվում են անվստահության սինդրոմի մեջ, նշանակում է` անձն ու նրա հետևում եղող էթնոսը հատկապես այդ խնդրի հետ գործ ունեն. այն պարզ բանաձևի համապատասխան, որ եթե քեզ դավաճանում են. դու խնդիր ունես` ներողամիտ, նվիրված լինելու հետ, և այն կանխելու համար ոչ թե պետք է «իրացնել» անվստահության, վրեժի, անզիջողականության մեխանիզմը, այլ արձակելու, բաց թողնելու, ներելու, ասել է` հակառակ մեխանիզմը: ՈՒզես, թե չուզես: Այլապես նույն խնդիրը կծագի արդեն ավելի մոտիկից` ասենք, հենց պալատում, սեփական «երանքում»: Սա է ճշմարտությունը, որի ճանաչումն էլ կազատի պրոցեսի կրկնումից:
Սա է խորքային ձևով հարցը լուծելու բանալին:
Հը՞, տղերք` սիրելի իշխանություններ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ